Պրոֆեսիոնալ բռնցքամարտի օրացուցային ընթացիկ տարին մարզասերներին բերկրանքի պահեր արդեն իսկ պարգևել է: Չէ, խոսքը չեմպիոնական մարտերի շարանի մասին չէ` դրա պարզունակ ընկալմամբ: Կարող են առարկություններ հնչել` չեմպիոնական մարտերի շարանս ո՞րն է, երբ «չեմպիոնական» բառն իսկ ինքնին հավակնում է փաստը երևույթ անվանելու: Չեմ ուզում անպտուղ վեճի մեջ ներքաշվել, բայց և չեմ էլ կարող գոնե չդիմադարձել` ախր, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, որ չեմպիոնականի չեմպիոնականն էլ կա` իր գերբացառիկությամբ, գերգեղեցկությամբ, գերհետաքրքրությամբ:
Լավ: Իրար հետ հաղորդակցվելը միս ծամելով չսկսենք: Նախ` դա իր մեջ բարի խորհուրդ չի պարունակում և, երկրորդ, ավելի քան ռեալ վտանգ կա, որ այդպիսի սկզբով սահունորեն անցում կկատարենք վաղ նախնադար, չնայած գոյության համար պայքարը մեզ, կարծես թե, այնքան էլ չի հեռացրել պատմական այդ ժամանակաշրջանից: Ինչևէ, «չընկնենք պեչենու բաղերը», ինչպես ժամանակին դիպուկ արտահայտվել է պատկերավոր մտածողության տեր մի իմաստուն, ու սահուն անցում կատարենք… հեռուստատեսությանը, խոսենք դրա խոշորագույն բիզնես ծրագիր լինելուց: Քանի որ յոթ ամսական ծնված լինելը բացառիկության առանձնակի խորհուրդ չունի իր մեջ, ուստի անձիս մի շտապեք մեղադրել թեման շրջանցելու մեջ: Ես լավ էլ թեմայի մեջ եմ: Բա ի՞նչ եք կարծում` եթե մի օրվա մեջ վեց չեմպիոնական գոտի է վիճարկվում, ու նորին մեծություն հեռուստատեսությունը դրանցից երեքին է նախապատվություն տալիս, իրավունք ունե՞մ համառապնդելու, որ չեմպիոնականի չեմպիոնականն էլ կա:
Իհարկե, ունեմ:
Դե՛, քանի որ ունեմ, ուրեմն, միանգամից ի գործ:
«Նոկաուտների գիշեր» անունն էր կրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի լասվեգասյան վերջին ցուցք-հանդեսը, որի ծաղկեպսակը Սաուլ Ալվարես-Խոսեսիտո Լոպես դիմակայությունն էր` «նկուղային» երեք ու «վերնահարկային» Մարկոս Մայդանա-Խեսուս Սոտո Կարրաս, Լեո Սանտա Կրուզ-Էրիկ Մորել երկու մարտերով:
Սկսենք վերջինից:
Աշխարհի քսանչորսամյա չեմպիոն Կրուզն առաջին անգամ էր պաշտպանում չեմպիոնական տիտղոսը, իսկ մրցակիցը` նույնպես մեքսիկացի, պատահական անուն չէր համաշխարհային բռնցքամարտում. աշխարհի նախկին չեմպիոն լինելն ընթերցողին ինչ-որ բան ասո՞ւմ է: Մարտը դինամիկ էր, պայթյունային այնքան ժամանակ, քաի դեռ Մորելը կարողանում էր հակառակորդին պահել ռինգի կենտրոնում: Սակայն, ավաղ, իր վճռական խոսքն ասաց յուրաքանչյուրիս ամենախոշոր թշնամին` ժամանակը, իսկ IBF վարկածում չեմպիոնական գոտուն տիրանալու համար երեսունվեցամյա Մորելին օդի պես անհրաժեշտ էր մարտը մինչև հոգնության վրա հասնելն ավարտել: Հարկավ, անպատվաբեր էր արդեն իսկ հինգերորդ ռաունդում պայքարը շարունակելուց հրաժարվելը, ինչը, բնականաբար, MGM Grand Garden Arena եկածները լուրջ դժգոհությամբ ընդունեցին, սակայն երևի մարզիկին ավելի տեսանելի էր գլխին գալիքը: Մարտից հրաժարվելով` Մորելը մրցակցին զրկեց բոնուսային հարյուր հազար դոլար վաստակելուց, իսկ սա այն լրացուցիչ գումարն էր, որ կազմակերպիչները սահմանել էին ամենատպավորիչ նոկաուտով մարտի համար: Ինչևէ: Կրուզն իր թվով քսանմեկերորդ մարտում նորից անպարտ մնաց` հաստատելով, որ իր այդօրինակ տեխնիկական, արագաուժային պատրաստվածության պայմաններում լրջագույն մրցակից է հակառակորդների համար ու չեմպիոնական գոտին իրենից խլելու համար ապագա հակառակորդները դեռ մի շապիկ չէ, որ պիտի մաշեն:
Մեքսիկացի Խեսուս Սոտո Կարասի հետ աշխարհի չեմպիոն, արգենտինացի Մարկոս Մայդանայի մրցավեճում տարիքային գործոնն արդեն չկար, ուստի որոշիչը լինելու էր մարզիկների պատրաստվածության աստիճանը: Մեքսիկացին էլ հայտնի է նոկաուտներով մարտն ավարտելու իր նախասիրությամբ, սակայն այս ցուցիչով նա էապես էր զիջում Մայդանային: Կատակ բան չէ` 31 մարտից 28-ը շահել է նոկաուտով, մյուս երեքում էլ մարտն ավարտել է ոչ-ոքի:
Դիմակայությունն ի սկզբանե վեր հանեց Մայդանայի առավելությունները: Նա ավելի բազմազան էր գործում, աշխատում էր կոմբինացիաներով, կտրուկ ու չոր հարվածներով` այս ամենը համատեղելով, բառիս բուն իմաստով, խուլիգանական պահվածքի հետ: Հրահանգներին չհետևելու համար մրցավարը երկու անգամ միավոր հանեց նրանից: Մայդանան ճակատագրորեն մոտ էր և երրորդը ստանալուն, սակայն «չհասցրեց», որովհետև ութերորդ ռաունդում Կարասին հիմնովին տապալեց գետնին, ինչից հետո մարտը շարունակելն արդեն անիմաստ էր: Արգենտինացին պահպանեց միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Եվ, վերջապես, Սաուլ Ալվարես-Խոսեսիտո Լոպես դիմակայության մասին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Կանելո մականունով Ալվարեսի աստղը շատ վաղ սկսեց շողալ: Արտաքինից ոչնչով մեքսիկացի չհիշեցնող այս երիտասարդն արդեն երկու տարի վստահորեն շարունակում է մնալ գահին` ունենալով բացառիկ ցուցանիշ: Իր քսաներկուսում նա արդեն հասցրել է ունենալ քառասուն մարտ, դրանցից շահել երեսունինը (քսանինը` նոկաուտով) և միայն մեկում արձանագրել ոչ-ոքի: Զրո պարտությամբ հաղթած մարտերի տպավորիչ ցուցանիշներ կհանդիպես և այլոց մոտ, սակայն ո՛չ այս տարիքում, և ո՛չ էլ այն կարգի հակառակորդների դեմ մրցակցությունում, որոնց հետ ռինգ է դուրս եկել Ալվարեսը: Այնպես որ, այս մարզիկը, բառի բուն իմաստով, երևույթ է: Նա կատարելության հասցրած բռնցքամարտելու վարպետ է` ռինգում վերին աստիճանի համեստ պահվածքով, փայլուն տեխնիկայով, մարտն ուղեղով կառուցելու բացառիկ ունակությամբ ու հզոր հարվածներով: Այս ամենի համադրումով մարզիկների քիչ կհանդիպես համաշխարհային բռնցքամարտում, եթե չգնանք իսպառ բացառման ճանապարհով, թեպետ սխալված չենք լինի` ասելով, որ այս մեքսիկացին իսկապես պարականոն է:
Ինչ ընթացք ունեցավ մա՞րտը:
Միանգամայն սպասված:
Կարասն էլ համոզվեց (եթե մինչ այդ համոզված չէր), որ ինքն էլ Կանելոյին մրցակից չէ: Երկրորդ ռաունդի վերջում փայծաղի շրջանում ստացած հարվածը նրան լրիվ կազմաքանդեց (օգտագործենք հայ քաղաքական ընդդիմադիր դաշտի սիրած բառը), երրորդ ռաունդի ընթացքում ստացած նոկդաունը շնչահեղձ արեց, և ռինգում մարզիկի վերջնականապես կոտրվելը կանխեց մրցավարը` հինգերորդ ռաունդում մարտը դադարեցնելու իմաստուն որոշումով, քանզի անիմաստ էր շարունակությունը: Սաուլ Ալվարեսը հերթական անգամ պահպանեց WBC վարկածում չեմպիոնական տիտղոսը` կրկին ապացուցելով, որ քաշային այս կարգում ինքը կա և մնում է թիվ մեկ մարզիկը` մարզիկ, ով ոչ միայն այս պահի դրությամբ, այլև տեսանելի ապագայում չունի հավասարազոր մրցակից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ